Deep Purple-ն այցելել է Ճապոնիայի վարչապետին
Սանաե Տակաիտին հարվածային գործիքներ է նվագում, սիրում է հարդ-ռոք ու հեւի-մետալ եւ Deep Purple-ը բազմիցս անվանել է իր սիրելի խմբերից մեկը՝ Black Sabbath-ի եւ Iron Maiden-ի հետ մեկտեղ, հաղորդում է Reuters-ը։
«Դուք իմ Աստվածն եք»,- հիացած ասել է նա Deep Purple-ի թմբկահար Իեն Փեյսին՝ նրան նվիրելով իր ինքնագրով փայտիկների հավաքածու:
Վոկալիստ Իեն Գիլանի եւ խմբի մյուս անդամների հետ կարճատեւ լուսանկարահանումից հետո Տակաիտին պատմել է, որ Machine Head ալբոմը գնել էր տարրական դպրոցում սովորելու տարիներին:
«Այն օրերին, երբ վիճում եմ ամուսնուս հետ, սկսում եմ հարվածայինների վրա նվագել Burn երգը»,- կատակել է նա:
«Ես խորին հարգանքով եմ հետեւում, թե ինչպես եք շարունակում կերտել ռոքի պատմությունը»,- նշել է Սանաե Տակաիտին:
Ճապոնիան հատուկ դեր ունի Deep Purple-ի պատմության մեջ: Made in Japan ձայնասկավառակը, որը ձայնագրվել էր 1972 թվականին խմբի առաջին ճապոնական շրջագայության ժամանակ, համարվում է ռոք երաժշտության պատմության մեծագույն «կենդանի» ալբոմը:
Ապրիլի 11-ին Deep Purple-ը հանդես կգա Տոկիոյի Nippon Budokan համալիրում: